Վերջերս ՏՄՊՊՀ-ն 100 մլն դրամով տուգանեց «Լուսակերտի թռչնաֆաբրիկային», որի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը որոշել է դատարանում վիճարկել այս որոշումը։ «Եթե հիմնավորվի, կվճարեմ»,- մեզ հետ ճեպազրույցի սկզբում ասաց պատգամավորը։
-Այսքան տույժ ու տուգանքից հետո հաջորդ խորհրդարանում լինելու «սիրտ մնա՞ց», պարոն Մանուկյան։
-Եթե իմ ընտրողը ցանկանա` այո։
-Դուք անձամբ ցանկություն ունե՞ք։
-Հավանաբար` այո։ Դեռ անելիք ունեմ։
-Ձեր ընտրողների հետ շփումներն ակտիվացրե՞լ եք։
-Միշտ էլ հանդիպումներ եղել են։ ԱԺ քննարկմանը պիտի դրվի նաև իմ հեղինակած «Գյուղատնտեսական կոոպերացիաների մասին» օրինագիծը, որը լուրջ արձագանք կունենա գյուղատնտեսական ոլորտում։
-Ասում են` գործարարներին թույլ չեն տալու լինել խորհրդարանում։
-«Թուլ չտալը» մի քիչ դաժան բառ է։ Գործարարները նաև ԱԺ-ի աշխատող մասն են, նրանց փորձը շատ է, ու հանձնաժողովների քննարկումներում շատ ակտիվ են։
-Նրանք ավելի շատ «ասոցացվում» են «կոճակ սեղմողների» հետ, որոնք միայն քվորում ապահովելու համար են։
-Ամեն ինչ կարելի է ասել, մեզ մոտ լավ բաները չեն տեսնում։ Մտածում են` ի՞նչ անեն, որ մարդկանց վիրավորեն։ Մարդիկ լավություն, բարեգործություն են անում, չեն տեսնում։ Աշխատանքը չեն գնահատում։
-Ձեզ վիրավորվա՞ծ եք զգում։
-Ոչ, երբեք չեմ վիրավորվում, այլ կատարվածից հետևություններ եմ անում։ Մարդիկ, ովքեր իրավունք չունեն նույնիսկ արածը գնահատելու, գնահատում են, սա է ցավը։ Ցանկացած աշխատանք պետք է գնահատվի։
-Իշխանության կողմից գնահատված չե՞ք։
-Ինձ իշխանության գնահատականը պետք չէ, ես դրան չեմ սպասում։ Կարևորն իմ ընտրողի, աշխատողների գնահատականն է։ Իսկ ընտրողը մեծահոգի է։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ